Կենսագրություն

cropped-13612377_1253537838003316_889597128574467920_n.jpgՍեյրան Ավագյան (բարիտոն)

Սեյրան Ավագյանը ծնվել 1959թ. Երևանում: Երաժշտական գործունեությունն սկսել է 1981 թ.: 1983-1990թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի վոկալ-տեսական բաժնում՝ պրոֆեսոր Գալուստովայի դասարանում:

1983-1993թթ.՝ Ալթունյանի անվան պետական ժողովրդական համույթ, Հայաստանի պետական գուսանական անսամբլ՝ մենակատար։ Հայտնի է Սայաթ-Նովայի, Ջիվանու, գուսանական երգերի լավագույն կատարումներով: Նրա երգացանկում միշտ են եղել շարականները, հոգևոր երգերը: Երգիչը համագործակցել է  «Մելոդիա» ֆիրմայի հետ:

1996 թվականից երգում է Երևանի պետական կամերային երգչախմբում:

Քրիստոնեության 1700 ամյակին մասնակցել է Արթուր Շահնազարյանի «Հայկական ժողովրդական էպոս. Սասուցի Դավիթ» նախագծին:  Նրա կատարումները բխում էին հայկական ակունքներից՝ մաքրելով արևելյան և եվրոպական ազդեցությունները, ներկայացնելով դարերի խորքից ի հայտ բերելով  հզոր, ինքնատիպ ու համամարդկային երաժշտական արվեստը:

2000 թվականին «Օշական» եռյակի կազմում մասնակցել է ֆրանսիական «Հայ բեմ» կազմակերպության գործունեությանը:
2008-2015թթ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վոկալի ուսուցիչ։
2012թ.՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի վոկալի ուսուցիչ:
2012-2015թթ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ համերգներով «Բրոյի-բրոյի» նախագծով եղել է Հայաստանի, Վրաստանի գործող, խոնարհված եկեղեցիներում:

2015թ.՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Մուտք մանկավարժություն» մրցանակակիր։

Սեյրան Ավագյանը իր արտասովոր ձայնով առաջինն էր, որ բեմ բերեց Կոմիտասի 10 խազերը, կոմիտասյան երգերի անկրկնելի կատարող է:
2012թ. երգել է «Ծիրանի» համույթում:
2015թ. Երևանի պետական կամերային երգչախմբի հետ  մասնակցել է Տիգրան Համասյանի «Լույս ի լուսոյ» համերգային նախագծին:

Համերգներով ու մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆիլանդիայում, Անգլիայում, Իսպանիայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Ֆրանսիայում…

 

 

 

 

 

 

Սեյրան Ավագյանը հայտնի է Հայաստանում իբրև գուսանական երգերի լավագույն կատարողներից: Չնայած նրան, որ Երևանի կոնսերվատորիայում  ստացել է դասական երգեցողության կրթություն, նրա երգացանկում կան եվրոպական երաժշտության նմուշներ, նա ավելի շատ հարազատ մնաց այն շնորհին, որն Աստված պարգևել էր նրան`գուսանական և ժողովրդական երգերի կատարողական բացառիկ զգացողություն: Սեյրան Ավագյանի ձայնի փայլուն ու զրնգուն տեմբրը անմիջապես գրավում է ունկնդրի ուշադրությունը անկախ կատարվող երգից ու մարդուն տանո՜ւմ-տանո՜ւմ… Հատկապես ազդեցիկ են ասերգային ոճի երգերի կատարումները: Այսպիսին են հայ գուսանների երգերը և հայ վիպերգերը, որոնցից համեմատաբար քիչ հատվածներ են հասել մեզ, և այսօր երգիչները դրանք չեն կատարում ոճի բարդության  պատճառով: Պետք է նշել նաև երգչի մանր խաղերի կատարողական վարպետությունը, ինչը գրեթե ամենակարևոր պայմանն է հայ միջնադրյան երգային տեխնիկայում: Սեյրան Ավագյանի կատարումները արտահայտում են հայ ժողովրդին հատուկ զգացմունքներ`սեր և ողբերգություն, ռազմական ոգի և ներքին հանդարտություն, սրտի պարզություն և դարերի խորքից եկող իմաստություն:
Գրիգոր Առաքելյան «Օշական» համույթի ղեկավար